ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Գետնանուշը կամ պիստակը բակլազգիների ընտանիքին պատկանող բույս է, որը Հարավային Ամերիկայից Եվրոպա է բերվել 18-րդ դարում։ Դրա պտուղները հարուստ են ճարպաթթուներով, սպիտակուցներով, բջջանյութով, պոլիֆենոլով և այլ կենսաբանորեն ակտիվ միացություններով, որոնք օգտակար են առողջության համար։ Սակայն ուղեղի գործունեության վրա դրա ազդեցությունը մինչև օրս ուսումնասիրված չէր, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Clinical Nutrition ամսագրիհոդվածին։
Գիտնականները 19-33 տարեկան 63 երիտասարդներից բաղկացած կամավորների խումբ են հավաքել, որոնք իրենց ամենօրյա սննդակարգում գետնանուշից պատրաստված մթերքներ են ներառել։
«Նախորդ հետազոտությունների մեծ մասը իրականացվել է ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի կամ քրոնիկ մետաբոլիկ (ինսուլինի նկատմամբ կայունության համախտանիշ, ընդերային ճարպի զանգվածի ավելացում) հիվանդության ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում: Այդպիսի մարդիկ, փոխելով սննդակարգը, ավելի հեշտ են արդյունքի հասնում»,-ասում է հետազոտության ղեկավար, Բարսելոնայի Համալսարան Ֆարմացիայի և սննդային գիտությունների ֆակուլտետի դասախոս Ռոզա Լամուելա-Ռավենտոսը։
Հեղինակներն այլ ճանապարհով են գնացել․ սթրեսային ռեակցիայի կենսաքիմիական ցուցանիշների հետ կապված բազմաթիվ թեստերի և վերլուծությունների միջոցով գիտնականները ցույց են տվել, որ այս խմբում գետնանուշի կամ դրանից ստացված արտադրանքի ամենօրյա ընդունումը հանգեցնում է ճանաչողական գործառույթների և սթրեսի ռեակցիայի բարելավմանը: Գիտնականները նշել են նաև գետնանուշով մթերքների ներառման դրական ազդեցությունը աղիներ-ուղեղ միկրոբիոտի առանցքի վրա։
Տվյալները ցույց են տալիս, որ գետնանուշից պատրաստված մթերքները, ըստ երևույթին, արդյունավետ են տարբեր հիվանդությունների դեմ, ներառյալ դեպրեսիան և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները։