Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթում քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Բաթումում շենքի փլուզման հետևանքով բնակիչներից 1–ը կորցրել է 2 երեխաներին, կնոջն ու եղբորը
Ինչպես արդեն հայտնել ենք` հոկտեմբերի 8-ին փլուզվել է Բաթումի Մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը: Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փլուզման գործով ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը և երկու բանվորներին, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարում:
Բաթումում փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի. Վրաստանում սգո օր է հայտարարվել
Գերատեսչության տվյալներով՝ նրանք վերանորոգման աշխատանքներն իրականացրել են անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է տան մասնակի փլուզմանը: Հանցագործության համար նախատեսված է պատիժ՝ երկուսից տասը տարի ժամկետով ազատազրկման տեսքով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը հայտարարել է սգո օր։