Թուրքիայի ԱԳ նախարարը սխալ է համարել իր երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարացնել Անկարայի նկատմամբ պատժամիջոցների մասին հրամանագրի գործողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնի կողմից 2019 թ․-ին Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը (Սիրիայում նրա գործողության պատճառով) սխալ քաղաքականություն է. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոլորության մեջ է գցում Կոնգրեսին։ Այդ մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիան կողմ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեն
2019 թ․-ին պատժամիջոցների առիթ դարձավ թուրքական բանակի ռազմական ներխուժումը Սիրիա և քրդական աշխարհազորի դեմ գործողությունը: Այն ժամանակ պատժամիջոցների թիրախում հայտնվեցին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ու Էներգետիկայի նախարարությունը, պաշտպանության նախարարը, Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Հուլուսի Աքարը, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն։

«Թուրքիային մեղադրելու փոխարեն` թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալ քաղաքականությունից։ Բացի այդ, թող ամերիկյան ղեկավարությունը ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի նկատմամբ։ , Կոնգրեսին նման հարցումներ ուղարկելով` ԱՄՆ-ի ղեկավարությունը ճշմարտությունը չի ասում»,-պնդում է Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն. արգելված է Թուրքիայում) և YPG-ի (սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի) միջև իբր տարբերություն չկա, և Վաշինգտոնին դա հայտնի է: Մինչդեռ, ըստ նրա, ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում սիրիացի քրդերին։
ԵՄ–ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ. Ավստրիայի կանցլեր
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարացնել Անկարայի նկատմամբ պատժամիջոցների մասին հրամանագրի գործողությունը, որը 2019 թվականին ստորագրել էր Վաշինգտոնի վարչակազմի այն ժամանակվա ղեկավար Դոնալդ Թրամփը՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողության պատճառով: