Հնդկաստանի արտգործնախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի անկախ Հայաստան

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: Տեղեկությունը հայտնում է Հնդկաստանի արտաքին գերատեսչությունը։

«Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ պատմության մեջ առաջին այցը անկախ Հայաստան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Մինչ Հայաստան այցելելը Հնդկաստանի արտգործնախարարը կլինի Ղրղզստանում (հոկտեմբերի 10-11–ը) և Ղազախստանում (հոկտեմբերի 11-12–ը):
«Այդ այցերը հնարավորություն կընձեռեն հասկանալու, թե ինչ առաջընթաց է գրանցվել երեք երկրների հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։ Այցը կդառնա «ընդլայնված հարեւանության» երկրների հետ փոխգործակցության շարունակությունը»,– նշել են Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում հանդիպում էր ունեցել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել էին երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Արտգործնախարարները համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն էին հայտնել։