ՀՀ նախագահը պարգևատրվել է Բոլանիայի համալսարանի «Sigillum Magnum» մեդալով

Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է համալսարանի գրադարան, ծանոթացել այնտեղ պահվող հայ գրական ժառանգության եզակի նմուշներին, ներկայացրել է իր նոր գիրքը, որը վերաբերում է քվանտային աշխարհին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին այցելել է Բոլանիայի համալսարան, որտեղ նախագահը պարգևատրվել է կրթօջախի «Sigillum Magnum» բարձրագույն մեդալով: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Sigillum Magnum» մեդալը շնորհվում է մշակույթի, քաղաքականության, գիտության բնագավառներում աչքի ընկած ազդեցիկ անհատներին: Առաջին անգամ «Sigillum Magnum» մեդալին արժանացել է Իտալիայի նախկին նախագահ Ջուզեպե Սարագատը 1971 թվականին, այն շնորհվել է նաև Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլին, Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզային, իտալացի գրող և գիտնական Ումբերտո Էկոյին և այլ հանրահայտ անձանց։
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Ուբերտինին, Բոլոնիայի համալսարանի անունից ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ Արմեն Սարգսյանն առաջին նախագահն է, որ այցելել է համալսարան:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով
«Քվանտային քաղաքականության վերաբերյալ Ձեր տեսությունը գիտության և քաղաքական հանձնառության ճշմարիտ վկայություն է, մի միություն, որին Դուք մարմնավորում եք 2000 թվականից։ Այդ տեսությունը արտահայտվել է նաև Ձեր հետազոտական գործունեության մեջ, որը միջազգային ասպարեզ եք բերել տարատեսակ համաժողովների և առաջիկայում հրատարակվելիք գրքի, տարբեր պարբերականներում հրապարակված հոդվածների միջոցով։ Ձեր այդ տեսությունը հնարավորություն է տալիս այսօրվա քաղաքական երևույթները դիտարկել այլ տեսանկյունից»,- ասել է համալսարանի ռեկտորը՝ Արմեն Սարգսյանին ներկայացնելով որպես ֆիզիկոսի։
Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Աննա Շիրինյանը ներկայացրել է համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնադրման պատմությունը, հայ-իտալական պատմական կապերն ու խոսել Իտալիայում հայկական նշանակալի հետքի մասին:
Նրա խոսքով՝ համալսարանում հայկական տարբեր ձեռագրեր, հնագույն գրքեր են պահվում, որոնք ներկայումս վերածվում են կատալոգների, և Բոլոնիայի համալսարանն ակտիվորեն ներգրավված է հայկական փաստաթղթերի, ձեռագրերի ուսումնասիրության գործում:
ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մասնավորապես ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ստանալ այս համալսարանի ամենաբարձր մեդալը՝ իմանալով, որ իմ անունը լինելու է մեծ գրողների ու գործիչների, նաև իմ լավ բարեկամ, Իտալիայի նախագահ Մատարելլայի, Հռոմի պապի կողքին, որոնք այս մեդալին են արժանացել»:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով
Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է իր նոր գիրքը, որը վերաբերում է քվանտային աշխարհին:
Արմեն Սարգսյան
Արարողության ավարտից հետո նա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է համալսարանի գրադարան, ծանոթացել այնտեղ պահվող հայ գրական ժառանգության եզակի նմուշներին։ Պրոֆեսոր Աննա Շիրինյանը ներկայացրել է հայ առաջին տպագիր գրքերի բացառիկ օրինակները, ինչպես նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի՝ հայոց վանքերի ու սրբավայրերի հայտնի քարտեզի բնօրինակը (1691 թ.)։
Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է համալսարանի գրադարան
Տասնմեկերորդ դարում հիմնված համալսարանը համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին համալսարանը։ Իր գոյության ընթացքում Բոլոնիայի համալսարանը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Եվրոպայում։ Այսօր համալսարանն ընդգրկված է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում, այն ունի 10 հետազոտական և վերապատրաստման կենտրոն, շուրջ 88 հազար ուսանող և մոտ 2800 գիտաշխատող:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին մեկնել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։
Ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Իտալիայի կառավարությունում
Նա հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հռոմի Վենետիկի հրապարակում էլ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։