ՀՀ մի շարք հատվածներում ծառերը ծաղկել են. Գագիկ Սուրենյանի գրառումը ֆլեշմոբի է վերածվել

Ծաղկած ծառ
Օգտատերերը հրապարակում են իրենց բնակավայրերում ծաղկած ծառերի լուսանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ծաղկած տանձենու լուսանկար է հրապարակել Facebook–ի իր էջում։
«Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում տանձենին ծաղկել է։ Լուսանկարը ուղարկել է Գևորգ Սարուխանյանը»,– գրել է նա։
Սուրենյանի գրառումն իսկական ֆլեշմոբի է վերածվել։ Օգտատերերը սկսել են ծաղկած ծառերի լուսանկարներ հրապարակել մեկնաբանություններում։
Օգտատերերից մեկը գրել է, որ Կալավանում էլ մասուրն ծաղկել։
Մեկ ուրիշն էլ նշել է, որ իրենց տանձենին էլ է ծաղկել Կոտայքի մարզում։
Երրորդն էլ լուսանկար է հրապարակել Սյունիքի մարզի Կարճևան գյուղից։
Արևաշողում ու Վարդենիսում էլ խնձորենին է ծաղկել։
Սուրենյանի գրառման մեկնաբանություններում նաև ծաղկած սալորենու, ծիրանենու ու կեռասենու լուսանկարներ կան։
Մի քանիսը համարել են, որ սա վատ նշան է, որովհետև ցուրտ ձմեռ կլինի, իսկ ոմանք էլ կատակել են։
«Լոռու մարզի Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչն էլ սառել ա, արև միացրեք, խնդրում եմ, 10 օր ա` արև չկա»,– գրել է օգտատերերից մեկը։
Հիշեցնենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
«Կարճաթևները հետ բերե՞նք»․ հանրապետության որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +26–ի