ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։
Նշվում է, որ Կոպիրկկինի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, միջպետական, միջկառավարական և տարածաշրջանային համագործակցության առնչվող հարցեր։
«Գոհունակություն հայտնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ՝ միտված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման»։
Նա հայտնել է, որ անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին, նշել, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։
«Դեսպանը իր հերթին նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Ինչպես նաեւ, ընդգծեց կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» ռուսաստանյան սկզբունքի կարեւորությունը»,–գրել է Աղաջանյանը։
Էդուարդ Աղաջանյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են նաև համագործակցությունը և գալիք աշխատանքները ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում։