Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Իսլանդիայի հետ խաղում

Sputnik
Մինչև աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կողմերը իրար դեմ մրցել էին չորս անգամ։ Երկու խաղերում հաղթել էին իսլանդացիները (մեկը ընկերական խաղում), մեկում գրանցվել էր ոչ ոքի արդյունք, և խմբային փուլի ընթացիկ պայքարում մեր ընտրանին առավելության էր հասել 2։0 հաշվով։ Ընդ որում 2։0 հաշիվը միակ գրանցված արդյունքն էր կողմերից մեկի հաղթանակի դեպքում։ Ստացվում է, որ պաշտոնական խաղերում բացարձակ հավասարություն էր։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի-Sputnik. Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խմբում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 ավարտեց հանդիպումը Իսլանդիայի հետ, և աղյուսակում նահանջեց մեկ աստիճանով։
Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն
Առաջին խաղակեսն անցավ փոփոխական հաջողություններով։ Սկզբում ակտիվ էին մեր ֆուտբոլիստները, հետո մի փոքր հատված ճնշում էին իսլանդացիները, և վերջապես նորից ակտիվանում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները։
Հետաքրքիր է, որ առաջին խաղակեսի վերջնամասում մենք իրացրել էինք անկյունային յոթ հարված, իսկ դաշտի տերերը՝ մեկ։ Բայց վիճակագրական այդ առավելությունը չէ, որ կարևոր էր մեզ համար։ Մեր ընտրանին հաշվի մեջ էլ էր առջևում այն բանից հետո, երբ մեր թիմի նորեկ Լուկաս Սելարայանի փոխանցումը դեպի Կամո Հովհաննիսյանը արդյունավետ ստացվեց, քանի որ ղազախական «Կայրաթի» ֆուտբոլիստը առաջ մղեց մեր ընտրանուն։
Հիշելով Իսլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղը, իհարկե, այս առավելությունը, որը մերոնք պահպանեցին մինչև ընդմիջում, դեռ հաղթանակ չէր նշանակում։ Վերոհիշյալ խաղում իսլանդացիները պարտվում էին 0։2, բայց խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։ Այնպես որ մեր ընտրանուն դժվար երկրորդ խաղակես էր սպասվում։
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
Բայց այնպես չէր, որ խաղը լարվեց, ու մերոնք պատրաստվում էին ամեն գնով պահպանել նվազագույն առավելությունը։ Հայաստանի հավաքականը խաղում էր շատ հանգիստ, առանց ավելորդ լարվածության։ Մեր թիմը վերահսկում էր իրավիճակը խաղադաշտում ու առիթն էլ օգտագործում դաշտի տերերի դարպասին սպառնալու համար։ Ու առավելությունը զարգացնելու հնարավորություն մեր ֆուտբոլիստները ունեին։ Բայց դրա փոխարեն գնդակ ընդունեցին սեփական դարպասը։ Իսակ-Բերգման Յոհանեսսոնը մոտ տարածությունից խփեց պատասխան գնդակը։
Ավարտելով հանդիպումը 1։1 հաշվով՝ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում մեկ տեղով նահանջեց, քանի որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը Լիխտենշտեյնի հետ խաղում հաղթանակ տոնելուց հետո միավորներով հավասարվեց մեր ընտրանուն, բայց խփած ու բաց թողած գնդակներով առավելություն ունի։
Հարոյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում
Իսկ Գերմանիայի հավաքականը կամային հաղթանակի հասնելով Ռումինիայի ընտրանու նկատմամբ՝ էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը։
Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումնը կանցկացնի հոկտեմբերի 11-ի։ Այդ օրը մերոնք մրցակցի հարկի տակ կմրցեն Ռումինիայի հավաքականի հետ։