Արցախի նախագահը կրկին Երևանում է. ո՞ւմ հետ է հանդիպել

Արայիկ Հարությունյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Երևանում, Արցախի ներկայացուցչությունում ընդունել է «Փառապանծ մարտիկներ», «Արամո», Բերձորի պաշտպանության հատուկ և եզդիական ջոկատների ներկայացուցիչներին՝ հրամանատարների գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:
Հանդիպման ընթացքում Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երրորդ պատերազմից մեկ տարի անց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչած կամավորական ջոկատների հետ հանդիպումը ոչ միայն երախտիքի խոսք փոխանցելու առիթ է, այլև հայրենաշինությանը լծվելու առաջարկ և նպատակ։
Նրանք ընկան, որ Արցախը կանգուն մնա. Հարությունյանը` զոհված ուսուցիչների հարազատներին
«Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Արցախի նախագահը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի հերոս, Բերձորի պաշտպանության հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։ Քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերականգնման գործընթացներին, ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմակայելուն ուղղված ջանքերի գործադրմանն առնչվող հարցեր։
Շուշիի դեպքերով հարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարներ և այլ պաշտոնյաներ