Զանգեզուրի կոմբինատի մասով ՀՀ կառավարությունը պարտավորություն չի կրում. նախարար

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել էր, որ կոմբինատը 200-300 մլն դոլարի հասնող վարկային պարտքեր ունի, ուստի կառավարությունը, բաժնետեր դառնալով, նաև այդ պարտքերը սպասարկելու պարտավորություն է ստանձնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ունեցած պարտքերի նկատմամբ կոմբինատի բաժնետեր դարձած ՀՀ կառավարությունը պարտավորություն չի կրում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատասխանելով գործարքի ֆինանսական բովանդակության մասին հարցին` այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առանձին իրավաբանական անձ է իր պարտավորություններով` կառավարութունից առանձնացված պարտավորություններով։ Հետևաբար, այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ այդ կազմակերպությունն իր պարտավորությունները երրորդ անձանց նկատմամբ պետք է կատարի ինչպես բոլոր իրավաբանական անձինք` առանձնացված և ինքնուրույնաբար»։

Տիգրան Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար
Մինչդեռ կառավարության մասնակցությունը կոմբինատի բաժնետիրական հարցերում կարող է որոշիչ լինել բնակչության շահերը հաշվի առնելու, զարգացման ծրագրերի մշակման, բնապահպանական խնդիրների կարգավորման և նմանատիպ այլ հարցերում։
«Քանի որ դա Հայաստանի բացառիկ կազմակերպություններից է, որը ընդերքի շահագործման իրավունք ունի Հայաստանի ամենամեծ արժեք ունեցող հատվածի նկատմամբ, ապա այն տնտեսական օգուտները, որոնք տարբեր ժամանակներում կարող են ստացվել կազմակերպության գործունեության արդյունքում (կառավարության իրավունքներին համապատասխան), բաժին կհասնեն Հայաստանի ժողովրդին, որն այդ շահաբաժինն ստանալու արդյունքում կարող է դրանց հաշվին ունենալ որոշակի հանրօգուտ ծրագրեր»,– ասաց նախարարը։
Նշենք, որ տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում գնահատելով Զանգեզուրի կոմբինատի 15 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերելու գործարքը, ասել էր, որ դրական կողմըկարող է լինել այն, որ կոմբինատի շահույթի մի մասը տեսականորեն կգնա պետական բյուջե։
Բայց, քանի որ կոմբինատը նաև 200-300 մլն դոլարի հասնող վարկային պարտավորություններ ունի, ապա կառավարությունը, բաժնետեր դառնալով, նաև այդ պարտքերը սպասարկելու պարտավորություն է ստանձնում ու չի բացառվում, որ առաջիկայում իր շահույթի հաշվին սպասարկի դրանք։
Ովքե՞ր են այն 2 նախարարները, որոնք համարձակվել են իրենց կաբինետում չկախել Փաշինյանի նկարը
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։
Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։
«Ստիպված կլինենք ուղարկել չվճարվող պարապուրդի»․ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» զգուշացնում է
Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «ԳեոՊրոՄայնինգ Արմենիա» ընկերությանը։
Հոկտեմբերի 6-ին ԱԺ–ում անդրադառնալով հիշյալ գործարքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու մասին։