ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երևանն ընդգրկվել է աշնանային եղանակին ռուսաստանցիների հանգստի համար արտասահմանյան ամենանախընտրելի ուղղությունների ցանկում։
Տեղեկությունը հայտնում է «Յանդեքս» ծառայությանն իր «Ճանապարհորդություն» բաժնի վերլուծության մեջ։
Եզրակացությունն արվել է սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը ձեռք բերված ավիատոմսերի տվյալների վերլուծությունից հետո:
Արտասահմանյան նախընտրելի ուղղությունների թվում են Երևանը, թուրքական 3 քաղաքները ՝ Ստամբուլ, Դալամանը և Անթալիան, Քիշնևը, Լառնական, Բուրգասը։
Վերլուծաբանները կարծում են, որ արտասահմանյան զբոսաշրջային այս ուղղությունների ընտրությունը կապված է նաև կորոնավիրուսային համաճարակի ազդեցության հետ։ Որովհետև շատ երկրներ ուղղակի փակ են զբոսաշրջիկների համար։
Այդ պատճառով մարդիկ եղած հնարավորության մեջ նախընտրում են առավել հայտնի ուղղություններ, ինչպիսիք են Հայաստանը, Կիպրոսը և Թուրքիան։
Հայաստանը OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման հարթակում ևս համարվում է նախընտրելի ուղղություն։
ՀՀ–ն ընդգրկվել է արտասահմանյան երկրների եռյակում, որտեղ հոկտեմբերին ամենից հաճախ են պատրաստվում թռչել Ռուսաստանի քաղաքացիները։
Հայաստան այցելողների թվով Ռուսաստանը վերջին տարիներին առաջատար է։ Զբոսաշրջության կոմիտեում կարծում են, որ ՌԴ-ն մինչև տարեվերջ կրկին առաջին հորիզոնականում կհայտնվի Հայաստան այցելությունների թվով։
Նշենք, որ 2021 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 488 558 մարդ, որոնցից 313 396 - ը՝ ամռանը։ Ամառային արձակուրդների շրջանում ամենաշատը Հայաստան են ժամանել Ռուսաստանի քաղաքացիները՝ 119 417, երկրորդ տեղում Իրանն է՝ 36 239, երրորդում ՝ Վրաստանը՝ 19 311, չորրորդում ՝ ԱՄՆ-ը ՝ 15 109: Հայաստան շատ զբոսաշրջիկներ են ժամանել նաև Ուկրաինայից։