Ռուս քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վերլուծում է հետպատերազմյան իրավիճակն Արցախի շուրջ, բանակցային գործընթացի ապագան և հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները: Զրուցել է Աշոտ Սաֆարյանը։
- Պարոն Մարկեդոնով, մամուլում ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին։ Ընդհանրապես, ինչպես եք պատկերացնում ապագա բանակցությունների ճակատագիրը, երբ կողմերը նախկինի պես հավատարիմ են տրամագծորեն հակառակ դիրքորոշումների։ Հայաստանը պնդում է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանը հերքում է ղարաբաղյան խնդրի առկայությունը՝ համարելով, որ 44-օրյա պատերազմից հետո հարցը լուծված է…
- Ցանկացած դիվանագիտական հանդիպում դիրքերի բեկում կամ նույնականություն չի նշանակում։ Եթե կողմերի դիրքորոշումները համընկնում են, ապա ինչո՞ւ են ընդհանրապես բանակցություն անցկացնում։ Բանակցությունների նպատակն է ծայրահեղ դիրքերը, ծայրահեղ բևեռները հեռացնել, մերձեցնել, հասնել ըմբռման։ Հանդիպումը, եթե այն, իհարկե, կայանա, հեշտ չի լինի։ Պաշտոնական մակարդակով դա կլինի նոր իրողության արձանագրում, ընկալում։ Պետք չէ ասել, որ դա լիովին կավարտի դիմակայությունը։ Սահմանագծման և սահմանազատման հարցը, օրինակ, մնում է։
Ինչ վերաբերում է բանակցային դիրքորոշումներին, ապա թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ին հայտարարություններում մադրիդյան նորացված սկզբունքները չեն արձանագրվել, բայց այնտեղ չի էլ նշվել, որ դրանք չկան։ Սկզբունքները ենթադրում են շրջանների ազատագրում մի կողմից և կարգավիճակի քննարկում՝ մյուս կողմից։ Սրանք երկու զամբյուղներ են։
Եթե կարելի է ասել, որ մի զամբյուղը մշակվել է, ապա երկրորդը շարունակում է արդիական մնալ:
- Հետևաբար, կարելի է արդյո՞ք դրսից ինչ-որ ազդեցությունակնկալել Բաքվի վրա՝ Ադրբեջանին բանակցային դաշտ վերադարձնելու համար։
- Ես չէի գերագնահատի այդ ազդեցության աստիճանը։ Պետք է հասկանալ, որ Բաքվի հետ հարաբերություններում այլ խաղացողների համար Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն այնքան էլ կարևոր չէ, որ դա առաջ տարվի։ Բայց խաղաղ, երկխոսության գործընթացին հավատարիմ մնալու փորձեր ձեռնարկվելու են։
- Ադրբեջանն անընդհատ խոսում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Դրա հնարավորությունը կա՞։
- Կարծում եմ՝ այս փուլում դա խնդրահարույց է։ Բայց այն, որ դրան պետք է պատրաստվել, անկասկած է։ Բայց կա խաղաղության պայմանագրի պայմանների հարց։ Իսկ պայմանները կարող են տարբեր կերպ ձևակերպված լինել։
- Կա դիսկուրս այն մասին, որ Մոսկվան 44-օրյա պատերազմ սանձազերծելու նշան է տվել։ Որքանո՞վ է այդ պատկերացումն ադեկվատ:
- Արևմուտքում բավականին տարածված է այն պատկերացումը, թե Պուտինի և Փաշինյանի հարաբերությունները պատերազմի առանցքային գործոն են դարձել։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Փաշինյանն իսկապես հեղափոխության արդյունքում իշխանության եկավ։ Կրեմլի համար իշխանության գալու նման ձևն այնքան էլ ողջունելի չէ։
Բայց երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չարեց ոչինչ, ինչը կարող էր անհանգստացնել ռուսական արտաքին քաղաքականությանը։ Այն կոնցեպտը, որը կիրառվում է Սաակաշվիլու Վրաստանի նկատմամբ, բացարձակապես կիրառելի չէ Հայաստանի նկատմամբ։ Ես պարզապես հիշեցնեմ, որ Փաշինյանը ռազմական-հումանիտար առաքելություն է ուղարկել Սիրիա, ինչը չի եղել Սերժ Սարգսյանի օրոք։ Գարեգին Նժդեհի մասին մեղադրանքները կրկին ակտուալ էին Սարգսյանի օրոք։
Փաշինյանը դուրս չի եկել ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից։ Գիտեք, նման խոսակցությունները գեղագիտական ճաշակի մասին խոսակցությունների շարքից են։ Ռուսական քաղաքականությունը չի առաջնորդվում ճաշակի հետ կապված գործոններով։ Բացի այդ, առանց Մոսկվայի մասնակցության որևէ մեկի կողմից կարգավիճակի փոփոխության ցանկացած փորձ այնքան էլ դրական չի ընկալվում Մոսկվայում: Այդ պատճառով ես չէի ասի, որ Մոսկվան շահագրգռված էր ռազմական լուծմամբ։ Այն, ինչ մենք անվանում ենք «Լավրովի պլան», արմատներով նորացված Մադրիդյան սկզբունքներից է։ Դա շրջանների ազատագրումն է, կարգավիճակն ու խաղաղապահները։ Այս երեք տարրերը եղել ու կրկնվել են տարիների ընթացքում։ Ես այստեղ ինչ-որ «նոու-հաու» չեմ տեսնում։
Երբ ասում են, որ խաղաղապահները պետք է միջազգային լինեն, եկեք այդ դեպքում տարբերակենք միջազգային խաղաղապահությունն ու հավաքական խաղաղարարության հասկացությունները։ Ռուս խաղաղապահները միջազգային խաղաղապահներ են։ Հիշեցնեմ, որ արևմտյան երկրները կողմ էին ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ֆրանսիայի նախագահն էլ պաշտոնապես ասել է այդ մասին։ Այստեղ լուրջ առարկություններ չեն եղել։ Բացի այդ, պատերազմի արդյունքում Ռուսաստանը օրակարգի բավականին լուրջ բարդացում է ստացել։ Իրավիճակը Կովկասում նույնիսկ առաջ անցավ սիրիական օրակարգից։ Ասել, որ Մոսկվան ուզում էր դա, մեղմ ասած, վիճելի է։
– Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ ուզում է երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ։ Ժամանակ առ ժամանակ բարձր պաշտոնյաների կողմից հայտարարություններ և փոխադարձ մեսիջներ են հնչում։ Կարելի՞ է հիմա խոսել ինչ-որ գործընթացի մասին։
- Կարծում եմ, որ այստեղ արագ բեկումներ լինել չեն կարող։ Որքան հիշում եմ՝ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանը, սկզբում ՀՀՇ առաջնորդ եղած ժամանակ, ապա նախագահի պաշտոնում ասում էր, որ պետք է մի կողմ թողնել թշնամանքը։ Իսկ հարաբերություններ հաստատելու փորձեր եղել են, եղել են 90-ականների սկզբին հայտնի թուրք դիվանագետների այցերը Հայաստան, ՍԾՏՀ գծով հարաբերությունները բարելավելու փորձեր են եղել։ Կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած առաջնորդ շահագրգռված կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմամբ։ Որովհետև կա ինչ-որ ազգայնական քննարկում ու կա իրականություն։ Երբ քո հարևանը 80 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, որն ունի ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակը, ապա դու շահագրգռված կլինես, որ ինչ-որ կերպ երկխոսության գնաս նրա հետ։ Իհարկե, այլ հարց է, թե ինչ գնով դա կարվի, ինչ հիմքով և այլն։
- Իսկ վտանգ կա՞, որ այդ գինը Հայաստանի համար չափազանց բարձր կլինի:
- Կարծում եմ, որ այդ սպառնալիքը միշտ էլ կա։ Եվ այստեղ չափազանց կարևոր է կրկին հասկանալ, թե արտաքին խաղացողներից ով կարող է նվազեցնել այդ գինը։ Եվ այն, ինչ խոսում են «ռուսական հետքի» մասին ու ընկալում են որպես իրողություն, ասեմ, որ իրողություն չէ։ Ռուսաստանը բազմաթիվ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի։ Եվ այն, որ, ասենք, 1993-ի իրավիճակում թուրքական բանակը բացահայտ չմիջամտեց, Ռուսաստանի մեծ վաստակը կար։ Ով ինչ ուզում է թող ասի, բայց Մոսկվայի գործոնը միշտ ամորտիզացնում է այստեղ առկա ռիսկերը, նույնիսկ եթե Մոսկվան ոչինչ չի անում, այլ պարզապես որոշ շահեր է մատնանշում։
Պետք է հասկանալ, որ այստեղ հնարավոր չէ ֆրանսիացի խաղաղապահներին պատկերացնել։ Ինչո՞ւ Մակրոնը նոյեմբերի 10-ին չասաց, որ իրենք նույնպես ուզում են մասնակցել գործընթացին։ Չէ՞ որ չասաց։ Միայն ժամանակ առ ժամանակ ինչ-որ հայտարարություններ է նետում «մենք կօգնենք», «մենք կմիջամտենք»։ Բայց չի միջամտում։ Այս ամենը ասվում է ներքին լսարանի համար։ Կա Մարին Լը Պենը, որը խաղարկում է իսլամաֆոբիայի խաղաքարտը, խոսում է թուրքական սպառնալիքի մասին։ Մակրոնին պետք է նախաձեռնությունը խլել, ահա և վերջ։ Կա Միջերկրական քարտեզի վրա մի փոքր հաղթելու փորձը։ Պետք է պարզապես հասկանալ, որ այլևս ոչ մի երկիր Ռուսաստանի պես ներգրավված չի լինելու այս ամենի մեջ։