Կրակոցներ Կոտայքի մարզում․ կա 3 վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 7-ին, ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։
Նույն ժամանակահատվածում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
1202 նոր դեպք, 33 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Աշոտ Կ-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սամվել Ա-ն են։ Սամվել Ա-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Պարզել է նաև, որ նույն օրը, ժամը 11։50-ի սահմաններում նշված վարսավիրանոցում Աշոտ Կ-ի, Սամվել Ա-ի և Մորիս Ս-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակոց է արձակել Մորիս Ս-ի ուղղությամբ, վերջինս ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Իսկ Մորիս Ս-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս-ն, դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Աշոտ Կ-ի և Սամվել Ա-ի ուղղությամբ, ովքեր նույնպես ոտքերի հատվածում ստացել են հրազենային վնասվածքներ։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին( երկու կամ ավելի անձանց սպանությունը) և 6-րդ կետերի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև պատուհանի վնասված ապակի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ավիս Ս-ին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։