ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Մի շարք երկրներում Instagram- ի և Facebook- ի օգտատերերը կրկին դժգոհում են այս սոցիալական կայքերի աշխատանքում խափանումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Downdetector համակարգի տվյալները։
Սոցիալական ցանցերւմ ի հայտ եկած տեխնիկական խնդիրներն այսօր օրվա ընթացքում աստիճանաբար սրվել են: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Instagram- ում և Facebook- ում խնդիրներ են արձանագրել ԱՄՆ–ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների օգտատերերը:
Նշենք, որ Հայաստանում ևս խնդիրներ են նկատվել: Հատկապես վատ է գործում Facebook-ի միջոցով ֆայլեր ուղարկելու ֆունկցիան:
Facebook-ից հայտնել են, որ տեղյակ են խափանումների մասին, աշխատում են ծառայությունների վերականգնման ուղղությամբ: Ընկերությունը տարածած հաղորդագրության մեջ ներողություն է խնդրում օգտվողներից:
Հիշեցնենք, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և նույն ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ հոկտեմբերի 4-ին գրեթե յոթ ժամով անհասանելի էին օգտատերերի համար: Facebook-ի համար, ըստ Downdetector-ի, սա պատմության մեջ ամենամեծ խափանումն էր:
Տեղի ունեցածի ֆոնին սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքն ընկել էր գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել էր գրեթե 7 մլրդ դոլար: