ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել ոչ միայն քաղաքական և անվտանգային, այլև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ իշխանություններն ավելի շատ խնդիրներ են իրականացնում երկրի ներսում, քան սահմաններն ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտությունն է ստիպել Իրանին իրենց սահմաններում անվտանգության ապահովման ուղղությամբ ուժի ցուցադրմամբ զորավարժություններ անցկացնել»,–ասաց Օհանյանը։
Չնայած տարածաշրջանում լարված իրավիճակին, Օհանյանը, ամեն դեպքում, նշում է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց այսօրվա իրավիճակում մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են։
«Չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի», - ասաց նա։
Օհանյանը հավելեց` 44-օրյա պատերազմից մեկ տարի անց գնահատական չի տրվել այն բոլոր իրողություններին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ ՀՀ իշխանությունների հակապետական վարքագիծը Բաքվին դրդում է նոր սանձարձակությունների։Այսպես շարունակվելու դեպքում, ըստ դաշինքի, Իրան–Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ։