ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ղազախստանի բնապահպանության, երկրաբանության և բնական պաշարների փոխնախարար Ալիա Շալաբեկովան հայտարարել է, որ Ղազախստանի իշխանությունները մի օրինագիծ են մշակում, որով պատիժ կսահմանվի ընտանի կենդանիների միս ուտելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ընտանի կենդանիների միս ուտելը կհավասարեցվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին (մահվան հանգեցնող) և կպատժվի որպես քրեական հանցագործություն:
Փոփոխությունների համաձայն՝ նման հանցագործությունը նախատեսում է մոտ 583 հազար տենգե (գրեթե 2 հազար դոլար) տուգանք և 50 օր ազատության սահմանափակում։
Ցանկում կլինեն շները, կատուները, թութակները, դաշտամկներն ու սպիտակ մկները։
Պաշտոնյան պարզաբանել է, թե ինչու են որոշել նման օրինագիծ մշակել։ Նրա խոսքով` իրավապահներն արձանագրել են, որ եղել են դեպքեր, երբ բնակիչները ապաստան են տվել շներին ու հետո նրանց միսն օգտագործել սննդի մեջ: Նա հավելել է, որ խախտումներին հետևելու համար նախ վերահսկողություն կսահմանվի այն կենդանիների կյանքի նկատմամբ, որոնց տարել են ապաստարանից: