ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ հայերը պետք է հետևություններ անեն 2020թ․-ի արցախյան պատերազմում պարտությունից և օգտագործեն ժողովրդի ողջ ներուժը՝ պետությունն ամրապնդելու և ապագայում զարգանալու համար: Այս մասին նա հայտարարել է պապական «Լևոնյան» վարժարանում Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Պատերազմ էր, որտեղ մենք կորուստներ ունեցանք, սակայն չմոռանանք, որ նույն թշնամուն` նույն Ադրնեջանին, 90-ականներին հաղթել էինք։ Կասկած չկար, որ մեր մարտիկները հայրենանվեր պայքար էին մղում։ Հարցն ուրիշ տեղ էր. 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստված պատերազմին՝ ներգրավելով մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակ ինչ-որ տեղ առաջ էինք Ադրբեջանից և հաղթեցինք։ Ցավոք, 26 տարիներին չկարողացանք այդ հաղթանակը վերածել կայուն խաղաղության»,-նշել է նախագահը։
Նրա համոզված է, որ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանն օգտագործեց իր բոլոր ռեսուրսները՝ նավթ, գազ, բանակ և նույնիսկ Թուրքիայի օգնությունը։ Եվ հարցը լուծում էր ոչ թե քաջությունն ու զինվորների անձնազոհությունը, այլ սպառազինությունն ու տեխնիկան, իսկ այդ հարցերում հայկական կողմը հետ էր մնում։
Արմեն Սարգսյանը շեշտել է, որ պատերազմի հետևանքները մինչ օրս զգացվում են, մասնավորապես, խոսքը գերիների և անհայտ կորածների մասին է, որոնց ընտանիքները տեղը չեն գտնում:
«Իհարկե, պետք է խոսենք այն մասին, թե ինչը սխալ արեցինք։ Մարդիկ, որոնք պատասխանատու են, պետք է նստեն, բաց քննարկեն, թե ինչպե՞ս եղավ, որ չհաղթեցինք այս պատերազմում, ինչպե՞ս եղավ, որ 94-ին հաղթեցինք։ Կան պատասխանատուներ, որոնց պարտականությունն է վերլուծել պատերազմների հաղթանակների և պարտությունների պատճառները»։
Սարգսյանը ներկաներին և հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին նաև կոչ է արել ակտիվորեն մասնակցել պետության կառուցմանը և օգնել ամրապնդել դրա հիմքերը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ բաց է քննադատության և քննարկումների համար։ Միևնույն ժամանակ, կոչ է արել ջանք չխնայել հայ ինքնության պահպանման և նոր սերնդի հայեցի դաստիարակության համար՝ պահպանելով ավանդույթները և ժամանակի ոգին։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը նավթի նման ռեսուրս չունի, բայց կարող է դառնալ մի երկիր, որը կարող է ապագայի տեխնոլոգիաներ ստեղծել և իր կարևոր դիրքը զբաղեցնել համաշխարհային շուկաներում:
Նշենք, որ նախագահը Հռոմում է գտնվում պետական այցի շրջանակներում։ Նա հանդիպումներ է ունեցել իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: