ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը հայտնում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում 2020թ–ի փետրվարից մինչև 2021թ–ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7–ի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով։
11 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, 6 քրեական գործ՝ 25 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Քննված քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են «օրենքով գողի» կարգավիճակ: Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:
Կալանավորված անձանցիցի 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»: