Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի. իրանցի նախարարը՝ Հայաստանի հետ նախագծի մասին

Թեհրանում ասել են, որ ոչ ոք չի կարող իրենց ճանապարհը փակել՝ ակնարկելով Ադրբեջանի գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին ասել է, որ Հայաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը թույլ կտան փոխել տարածաշրջանի տարանցիկ քարտեզը: Նա այդ մասին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Կովկասյան միջանցքի ու Նորդուզից Հայաստան տանող ճանապարհի խնդիրը կլուծվի, ու շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի»,– ասել է Ղասեմին:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր խնդիրներ են ստեղծել, պետք է իմանան, որ իրենք չեն փակի Իրանի ճանապարհը, միևնույն ժամանակ, «այրված կամուրջները» դժվար կլինի վերականգնել:
Նախարարն ակնարկում է, որ ադրբեջանցի ոստիկանները, որոնք տեղակայված են Գորիս-Կապան մայրուղում, իրանական բեռնատարներից ուղեվարձ են պահանջում:
Ավելի վաղ Երևանում կայացել էր աշխատանքային խմբի հանդիպում՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները քննարկելու նպատակով: Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։
Հարավային Կովկասը կարող է սերտ համագործակցության լավ օրինակ դառնալ. Իրանի նախագահ
Հանդիպման մասնակից երկրները մշակել են համաձայնագրի սևագիր տարբերակը։ Միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից ու կարևոր տարանցիկ հանգույց դառնալ։