Սյունիքում պատշաճ պայմաններ չեն եղել պատերազմի զոհերի դիակների փորձաքննության համար

ԲԿ-ների շենքային պայմանների չափանիշները չեն համապատասխանում դատաբժշկական փորձաքննությունների կատարման պայմաններին և պահանջներին, հատկապես խիստ անմխիթար վիճակում է Կապանի ԲԿ-ի շենքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ի հայտ բերեց Սյունիքի մարզի առողջապահական համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ Սյունիքի մարզում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների իրականացման անմխիթար պայմանները: Այս մասին ասված է կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման հիմնավորման մեջ:

«Արցախում զոհված զինծառայողների մարմինները և մասունքները հիմնականում ՀՀ էին տեղափոխվում Սյունիքի մարզի տարածքով` օգտագործելով Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի և Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի դիահերձարանների մասնաշենքերը, որտեղ կատարվում էին նաև դիակների և մասունքների արտաքին զննություններ և փորձաքննություններ»,- ասված է որոշման մեջ:

Այդ փորձաքննությունները կատարվել են այն հիվանդանոցներում, որտեղ սպասարկվում է Սյունիքի մարզի ամբողջ բնակչությունը, և իրավապահները, փաստորեն, պատշաճ պայմաններ չեն ունեցել աշխատելու:
Առկա խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Գորիսի ու Կապանի հիվանդանոցներին պատկանող այն մասնաշենքերը, որտեղ իրականացվում են դատաբժշկական փորձաքննություններ, հետ վերցնել ԲԿ-ներից ու հանձնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Սյունիքի ճանապարհին երկու գովազդային վահանակ կտեղադրվի
Նշենք, որ կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման:
Պաշտոնական տվյալներով՝ 2020թ-ին Սյունիքի մարզում կատարվել են շուրջ 1000 ողջ անձանց և շուրջ 1030 դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Համեմատության համար նշենք, որ 2021թ-ի առաջին կիսամյակում կատարվել են շուրջ 670 ողջ անձանց և շուրջ 480 դիակների փորձաքննություններ։