ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների կատարած խոշտանգումները: Թաթոյանը Հռոմի պապի հետ լուսանկարներ է հրապարակել Facebook–ում։
«Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց, թերթեց և տեսավ նաև դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարևոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են»,– գրել է Թաթոյանը` հավելելով, որ Հռոմի պապը նաև իր օգնականին է հանձնարարել ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել խոշտանգումների փաստերը։
Պաշտպանը ընդհանուր առմամբ երեք զեկույց է փոխանցել Հռոմի պապին։
Առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին է, որը, նրա բնորոշմամբ, մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է:
Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով։
Իսկ երրորդը գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի մասին է:
Հիշեցնենք` Գարեգին Երկրորդը, Պոլսի Հայոց պատրիարքն ու Արման Թաթոյանը Հռոմ են մեկնել հոկտեմբերի 5-ին։
Ապրիլի 12–ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ մեկժամանոց ռեպորտաժ էր ցուցադրվել «ռազմավարի պուրակի» մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորական համազգեստով հպարտորեն շրջում էր թանգարանում, որտեղ ցուցադրված էին հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:
«Ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն է: