ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյան դոնորներ են պետք։ Կենտրոնը հայտարարություն է տարածել Facebook–ում։
«Այս պահին բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը։ Կատարեք արյունատվություն, մի հետաձգեք այդ մարդասիրական քայլը»,– ասված է հայտարարության մեջ։
Կենտրոնը հիշեցնում է, որ Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 12:30:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հիշեցնենք` շուրջ 1 ամիս առաջ Հայաստանում լուրեր տարածվեցին, որ պատվաստումների պատճառով դոնորական արյան խիստ պակաս է առաջացել։ Այդ ժամանակ ոլորտի պատասխանատուները հերքեցին լուրերը` վստահեցնելով, որ երկրում կա անհրաժեշտ քանակի արյուն։
Facebook-ի օգտատերերից մեկի հարցին, թե փաստորեն պատվաստված անձը չի՞ կարող դոնոր լինել, արյունաբանական կենտրոնից պատասխանել են. «Պատվաստումները հանդիսանում են ժամանակավոր հակացուցում․ կենդանի վակցինա՝ 30 օր, սպանված վակցինա՝ 10 օր»։ Այլ կերպ ասած` կախված պատվաստանյութի տեսակից, պատվաստված անձը կարող է դոնորական արյուն հանձնել պատվաստվելուց կա՛մ 10, կա՛մ 30 օր հետո։