ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Լա Սապիենցա համալսարանում այսուհետ հայագիտություն կուսումնասիրվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան այսօր այցելել է Լա Սապիենցա համալսարան։ Այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լա Սապիենցա համալսարանի միջև, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվել է համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին:
«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես որպես հայ մարդ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում, լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն հայոց լեզու, հետո շրջանակը կարող է ավելի ընդլայնվել»,–ասել է նախագահը։
Սարգսյանը համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի հետ քննարկել է հայագիտության դասընթացի ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
Լա Սապիենցա համալսարանում 2000-ականների սկզբից գործել է հայագիտական ամբիոն: Հայագիտությունն Իտալիայում խոր արմատներ ունի, Իտալիայի 6 համալսարաններում տարիներ շարունակ գործել են, որոշներում այսօր էլ գործում են հայագիտական ամբիոններ: Լա Սապիենցա համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը վերջին տասը տարիներին չի գործել ֆինանսավորման բացակայության պատճառով:
Ի դեպ, Իտալիայում առաջատարներից համարվող և 700 տարվա պատմություն ունեցող Լա Սապիենցան նաև Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկն է:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին մեկնել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։
Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հռոմի Վենետիկի հրապարակում էլ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։