ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան 10 դպրոցներում պիլոտային ծրագրով լեռնագնացություն կդասավանդվի։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։
«Աննկարագրելի ուրախ ենք։ Պատմական բեկում ենք ունենում մեր դպրոցներում։ Մոտ մեկ տարի տևած բանակցություններից, փաստագրական, ծրագրային և փորձագիտական եզրակացություններից հետո այս շաբաթ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանության արժանացրեց «լեռնագնացությունը դպրոցում» մեր պիլոտային առաջարկը։ Ընտրված 10 դպրոցներում երեխաների հետ մի քանի լեռնային թեմաներով հանդիպումներ և արշավներ կունենանք»,–գրել է Դանիելյանը։
Նրա խոսքով` պիլոտային տարին ավարտելուն պես առաջարկով հանդես կգան կառավարությանը, որպեսզի լեռնագնացությունը 2023թ․-ից պարտադիր կրթական մոդուլ դառնա։