ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբան ու Մևլութ Չավուշօղլուն Կիևում քննարկել են Ուկրաինայում «Bayraktar» անօդաչուների արտադրության հարցերը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հարցերը, որոնք մենք քննարկել ենք այսօր, անկասկած, վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա քայլերին, մասնավորապես` Ուկրաինայում «Bayraktar» անօդաչուների արտադրությանը։ Թուրքիան հետաքրքրվում է ուկրաինական «Անտոնովի» հնարավորություններով», - ասել է Կուլեբան։
Նշենք, որ Չավուշօղլուն այսօր երկօրյա այցով մեկնել է Ուկրաինա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը և թուրքական «Bayraktar»-ը հուշագիր են ստորագրել անօդաչուների սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին: