ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել-չդարձնելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժումն անվճար է իրականացվում։ Խաչատրյանը նշեց` խոսքը միայն քննարկումների մասին է` որևէ որոշում այս պահին չկա։
Ի դեպ, կորոնավիրուսի դեմ բուժումը կարժենա մոտավորապե 800 000 դրամ։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։