Հայաստանը կարևորում է Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հարցում. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը կարևորում է Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ նախագահն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը:
Խորապես զգացված ենք պատերազմի օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության համար. Սարգսյան
Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իտալիայի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմանը: Նշելով, որ Հայաստանն ու Իտալիան ներկայումս նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ ոլորտներում՝ նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, առավել ևս, որ երկու երկրների ներուժը այդպիսի հնարավորություն ընձեռում է:
Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Դրագիին և Իտալիայի կառավարությանը՝ Հայաստանին մարդասիրական աջակցության շրջանակներում պատվաստանյութի նշանակալի քանակություն տրամադրելու համար։
Խոսվել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իտալական ներդրումների ներգրավման հնարավորությունների մասին: Իտալական կողմն առաջարկել է Իտալիայում հայկական օրեր կազմակերպել հայկական արտադրանքն ու տնտեսական հնարավորությունները ներկայացնելու և գործարար շփումները խթանելու նպատակով։
Ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Իտալիայի կառավարությունում
Նշվել է, որ ունենալով հարուստ մշակութային ժառանգության և լինելով հնագույն քաղաքակրթության կրողներ՝ Հայաստանն ու Իտալիան ակտիվ համագործակցություն են ծավալել այս ոլորտում, հատկապես՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում:
Անդրադառնալով կրթական ոլորտում փոխգործակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների շարունակական գործունեության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Իտալիայում հայագիտության զարգացմանը: Նա ողջունելի է համարել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում երկկողմ ջանքերով հայագիտության ամբիոնի վերաբացումը:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։
Ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Իտալիայի կառավարությունում
Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հռոմի Վենետիկի հրապարակում էլ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։