«Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա և չի կարող լինել. Արարատ Միրզոյան

Ալեն Միրզոյան
ԱԳ նախարարն Ազգային ժողովում ամփոփել է Իրան կատարած այցը և նշել, թե որ հարցերում են համընկնում այդ երկրի ու Հայաստանի պատկերացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Իրանում ողջունել է այդ երկրի դիրքորոշումը ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Միրզոյանը` ներկայացնելով այցի արդյունքները։
Նա Իրան էր մեկնել հոկտեմբերի 4-ին և հանդիպել արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

«Անշուշտ խոսել ենք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, այսինքն` ըստ էության այդ խոսակցության բացակայության մասին։ Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել» ,– ասաց նա։

Միրզոյանը նաև հայտնեց, որ ԻԻՀ այցի շրջանակում քննարկել են տարածաշրջանային այլ նոր տարանցիկ ուղիների` Պարսից ծոց–Սև ծով միջանցքի հարցը։
«Այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են, և մենք կրկին ողջունում ենք Իրանի ներգրավվածությունն այս բոլոր հարցերին»,– ասաց նա։
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Կովկասում «3+3» ձևաչափի հարցը
ԱԳ նախարարի խոսքով` այս թեմայով հետաքրքրված է նաև Հնդկաստանը։ Այդ երկրի արտգործնախարարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան` ՀՀ իշխանությունների հետ, ի թիվս այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, քննարկելու նաև այս հարցը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները մշտապես պնդում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ադրբեջանի նախագահը նույնիսկ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա իրենք պատրաստ են այն ուժով վերցնել։
Սակայն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քանիցս հայտարարել են` ապաշրջափակումը տարածաշրջանում չի ենթադրում ինչ-որ միջանցքի ստեղծում։
Ալիևը ՀՀ–ին «հորդորել» է ընտրություն կատարել. նորից խաղաղության համաձայնագրի մասին է խոսել