Ունենք անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում. հադրութցիները բողոքի ակցիա են անում

Կառավարության առջև այս պահին հավաքվել են հադրութցիները, որոնք պահանջում են իրենց խնդիրներին լուծում տալ։ Նրանք նշում են, որ 3000 հադրութցի է արդեն արտագաղթել երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հադրութցիները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են լուծել ինչպես բնակարանային, այնպես էլ իրենց կարգավիճակի հարցը։
«Մենք փաստացի տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, սակայն ՀՀ քաղաքացի չենք համարվում։ Ունենք պարտականություններ, սակայն որևէ իրավունք չունենք, այսինքն` չգիտենք, թե ինչ կարգավիճակ ունենք, ովքեր ենք։ Բացի այդ, շուտով ձմեռ է գալիս, և բնակարան տրամադրելու հարցում էլ որևէ տեղաշարժ չկա»,–ասաց հադրութցիներից մեկը։
«Դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը». Սերժ Սարգսյանը` Ալիևին
Տղամարդը հավելեց` ՀՀ անձնագիր 90-ականների վերջին են ստացել, և հիմա որևէ հադրութցի չգիտի, թե ինչ է լինելու իր ճակատագիրը։
Հադրութցիները հայտնեցին` պատկան մարմինների շատ ներկայացուցիչների հետ են հանդիպել, սակայն իրենց խնդիրներն այդպես էլ լուծում չի ստանում։
Մեկ ուրիշ հադրութցի էլ նշեց, որ նույնիսկ չեն հաշվառել` քանի տեղահանված հադրութի բնակարանային խնդիր ունի։
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ 2500 հադրութցի էր լքել ՀՀ–ն, իսկ վերջին մեկ ամսում այդ թվին ևս 500 մարդ է ավելացել։ Եթե մեր խնդիրները չլուծվեն, ես էլ կարտագաղթեմ` բա ի՞նչ անեմ։ Ձմեռվա բերան ուղղակի հրաժարվում են մեզնից»,–ասաց տղամարդը։
Եթե Հադրութ վերադառնանք, 1-ն էլ կունենամ. Լիանան 7 երեխաների հետ հիմա վարձով է ապրում
Նրանք ասում են` որևէ հույս չունեն պատկան մարմիններից, հատկապես կառավարությունից։
Հադրութցիներն ավելի վաղ կառավարությանն ուղղված նամակ են հղել, որտեղ արծարծված է եղել բնակարանային խնդրի հարցը և այժմ կառավարությունից պատասխան են պահանջում։