ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է այսօր վաղ առավոտից հանրությանը հուզող հարցին, որի վերաբերյալ, ի դեպ, մինչ այդ լրագրողների հարցերն անպատասխան էին մնում։ Խոսքը Հայաստանի օդային տարածքով անցնող ադրբեջանական ինքնաթիռների մասին է։
Այսպիսով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Facebook–ում` հաստատելով, որ այսօր` հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի։ Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից»,– նշել է կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` այս ողջ ընթացքում նաև «Զվարթնոց» օդանավակայանից էլ թռիչքներ են իրականացվել Ադրբեջանի օդային տարածքով դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ ու հիմա էլ շարունակում են իրականացվել։
Օդային մայրուղիների ընտրությունը վերապահված է օդանավ շահագործողներին:
Կոմիտեից նաև հայտնում են, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) այսօր հայտարարել էր, որ սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն է
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն սեպտեմբերի 28-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ օդային տարածքով «Turkish Airlines» ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։