Ի՞նչ կարծիքի է Նանուշյանը երկրի 1–ին դեմքերի ընտանիքի անդամների անվճար բուժօգնության մասին

Շատերին է վրդովվեցրել այն նախագիծը, ըստ որի` երկրի առաջին դեմքերի ընտանիքի անդամների բժշկական օգնությունն առաջարկվում է պետպատվերով իրականացնել։ Sputnik Արմենիան այս թեմայի շուրջ խոսել է առողջապահության փոխնախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարծում է, որ չպետք է քաղաքականացնել նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրումը պետբյուջեի միջոցների հաշվին իրականացնելու առաջարկը։ Նանուշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պետպատվերով բուժում ստանալու գումարը սպառվել է, սակայն ԱԱԾ կողմից նման առաջարկ է արվում։

«Այնպես չէ, որ պետպատվերով բուժում այլևս չի կազմակերպվելու` շարունակվում է այդ բուժօգնությունը, ուղղակի մի պահ հերթագրումների համակարգ եղավ։ Ի դեպ, այդ համակարգը միշտ էլ գործել է։ Հարցն այն է, որ նախորդ ամիսներին մենք հիվանդացության մեծ աճ ունեցանք, բացի այդ, պետպատվերով բուժում ստացող շահառուների թվի աճ ունեցանք` արցախցիները, 44-օրյա պատերազմի մասնակիցները նույնպես այս ծրագրի շահառու դարձան»։

Լենա Նանուշյան
Առողջապահության փոխնախարար
Բացի այդ, ըստ նրա, նույնիսկ կորոնավիրուսով հիվանդանալուց և բուժվելուց հետո մարդկանց մոտ կարող են տարբեր այլ խնդիրներ առաջանալ, ընդհուպ մինչև ինֆարկտ և ինսուլստ, ինչն էլ առողջապահական համակարգի վրա է անդրադառնում։ Նանուշյանը նշեց` սա էր պատճառներից մեկը, որ պետպատվերի գումարները որոշակիորեն սպառվել էին։
Նրա խոսքով` ճիշտ է, մի պահ պետպատվերի ծավալները սպառման եզրին էին կանգնած, սակայն առողջապահության նախարարությունը կառավարություն դիմեց և որոշակի գումարներ ստացան։ Նա վստահեցրեց` առողջապահական համակարգը գերակայություն է կառավարության համար և ոլորտին հատկացված գումարները տարեցտարի ավելանում են։
Նանուշյանը վստահեցնում է, որ պետպատվերով իրականացվող որոշ ծրագրերի սահուն ընթացքը մինչև տարեվերջ կապահովվի։
Հարցին, թե ամեն դեպքում անհրաժեշտություն կա՞ արդյոք, որ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամներն անվճար բուժօգնություն ստանան` Նանուշյանը պատասխանեց, թե չի կարող այդ հարցին հստակ պատասխանել, սակայն որևէ խնդիր չի տեսնում այդտեղ։ Նա հավելեց միայն` անվճար բուժօգնություն բազմաթիվ քաղաքացիներ են ստանում։
Պարտադիր պատվաստմանն ու ՊՇՌ թեստին վերաբերող հրամանն առաջիկայում կարող է փոփոխվել
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։
Առաջարկվում է նաև անձնական բժիշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։