ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 872 քաղաքացի կա, ևս 192–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Արհեստական շնչառության սարքերին միացված են 67 անձ»,–ասաց նա։ Նանուշյանի խոսքով`այս պահին 20 հիվանդանոց է զբաղվում կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ։
Հարցին, թե արդյո՞ք հնարավորություն կա կորոնավիրուսի թեստերն անվճար դարձնելու, Նանուշյանը հայտնեց, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չեն։
«Որևէ երկրում չկա նման հնարավորություն։ Ավելին` մի քանի եվրոպական երկրներ էլ կան, որտեղ մի քանի անգամ թանկ են թեստերի գինը»,–ասաց նա։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1155-ով և դարձել 267363: