ՀՀ նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահին. ի՞նչ են քննարկել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ
ՀՀ նախագահը շեշտել է, որ շահագրգռված է առավել սերտ կապեր տեսնել Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև, այդ թվում` միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մարիա Կազելատին ևս մեկ անգամ գոհունակությամբ է նշել այն ամուր կապերը, որ գոյություն ունեն Հայաստանի և Իտալիայի միջև:
Նրա խոսքով` 2018թ. Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան և այսօր Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա մեծ խթան են երկու երկրների համագործակցության համար:
ԵԱՀԿ ՄԽ–ն ձևաչափ է, որտեղ Ղարաբաղի հարցում հնարավոր է կայուն լուծում․ Իտալիայի նախագահ
Մշակույթը համարելով երկկողմ փոխգործակցության էական բաղադրիչ՝ նա կարևորել է Երևանում 2018թ. բացված Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը:
Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները հազարամյակների պատմական առնչություններ ունեն, իսկ վերջին երկու հազար տարիներին՝ նաև համատեղ քրիստոնեական պատմություն:

«Մենք ժողովուրդներ ենք, որոնք մշակույթը, գիտելիքը, արվեստը միշտ շատ բարձր են գնահատել»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը կարևորել է նաև իր օտարերկրյա այցերի շրջանակում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները` մասնավորեցնելով, որ շահագրգռված է առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում։
Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանային զարգացումների և խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում նշել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին և կոչերին, Ադրբեջանն առ այսօր շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին:
Հռոմի նախագահական պալատում կազմակերպվել է հայկական նկարների բացառիկ ցուցադրություն
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ուղղություններին և հեռանկարներին:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին պետական այցով ժամանել է Հռոմ։