ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը

Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ հիմնավոր ապացույցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյնաը Վատիկանի քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ–ի աշխատակազմից։
Նշենք, որ Թաթոյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ կաթողիկոսի հետ գտնվում են Իտալիայում։

«Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական հանցավոր արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։ Վատիկանի պետքարտուղարին է փոխանցվել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ»,- նշում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ժամանակ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով ընդգծել է նաև, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
«Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն պաշտոնապես հաստատված գերիներին». Փաշինյան
Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է՝ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։
Հանդիպմանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք նորին ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Նշենք, որ Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է գտնվում հոկտեմբերի 5-ից։