ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. «Գազպրոմը» ոչ մի անգամ չի հրաժարվել արտասահմանյան սպառողներին գազի մատակարարումների ավելացումից, եթե նրանցից համապատասխան հայտեր են ստացվել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, էներգետիկայի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Եվրոպայում ռուսական գազի խոշորագույն սպառողը՝ ԳԴՀ-ն, 2021 թ․-ի ինն ամսվա ընթացքում 2020 թ․-ի համեմատ 10 մլրդ 124 մլն խորանարդ մետր ավելի շատ գազ է ստացել:
«Դա նախորդ տարվա համեմատ 131,8% է։ Նույնիսկ 2020 թ․-ին, երբ մատակարարումների ընդհանուր ծավալը կրճատվել էր 2019-ի համեմատ, մենք միևնույնն է ԳԴՀ-ին ավելի շատ ենք մատակարարել՝ 4,7 միլիարդ խորանարդ մետրով ավելի»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը 2021թ․-ն անվանել է տնտեսության վերականգնման ժամանակաշրջան։
«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 18,8 միլիարդ խորանարդ մետրով ավելի է մատակարարվել, դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով ավելի է»,-հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ եթե այդ տեմպը պահպանվի, Ռուսաստանը կկարողանա Եվրոպա էներգակիրների, այդ թվում՝ գազի մատակարարումների ևս մեկ ռեկորդային ցուցանիշ գրանցել։