ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։
Զրույցի ընթացքում Վեհափառն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։
Գարեգին Բ–ն նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս Պապին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Այնուհետև Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն հայոց կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ
© Photo
Նշենք, որ հոկտեմբերի 5–ին Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։