ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր պատմական առավելագույնի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1600 դոլարի շեմը: Այդ մասին վկայում են ICE Futures բորսայի տվյալները։
Սակարկությունների բացումից մի քանի րոպե անց նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը, ըստ TTF (եվրոպական ամենալիկվիդային հանգույց) հոլանդական ինդեքսի, կտրուկ բարձրացել է մինչև 1596,8 դոլար, իսկ հետո հաղթահարել հերթական հոգեբանական նշագիծը՝ հասնելով 1607,2 դոլարի: Դա 15,5 տոկոսով բարձր է հոկտեմբերի 5-ի հաշվարկային գնից (1390 դոլարից մի փոքր ավելի):
Նախորդ ռեկորդը գրանցվել էր երեկ. գները բարձրացել էին մինչև 1456,8 դոլար, բայց փակման ժամանակ փոքր-ինչ նվազել էին՝ հասնելով 1417,7 դոլարի:
Գազի արժեքը եվրոպական շուկայում բարձրացել է վերջին շաբաթներին. եթե օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը հազար խ/մ–ի դիմաց սակարկում էին 515 դոլարի մակարդակում, ապա մեկ ամիս անց հասել էին 614 դոլարի, իսկ սեպտեմբերի վերջին՝ կրկնակի թանկացել:
Այս ֆոնին «Գազպրոմի» բաժնետոմսերը թանկացել են` թարմացնելով պատմական ռեկորդային ցուցանիշը և հասնելով 386,5 ռուբլու։