ԱԺ–ն ընդունեց սոցփաթեթի փոփոխությունները, որ պետական աշխատողները լինեն առողջ ու հանգստացած

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, սակայն, հայտարարեց, որ ընդդիմության առաջարկները հակասում են սոցփաթեթի գաղափարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Խորհրդարանն այսօր հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ` 1, ձեռնպահ` 21 պատգամավոր։
ԱԺ–ն քննարկում է պետաշխատողների մարզասրահ այցելելը. պարգևավճարները քննարկումից դուրս են
Մինչ քվեարկությւնը «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու նախագծին, քանի որ դրա վերջնական տարբերակում չեն ներառվել իրենց ներկայացրած առաջարկները։
Խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ իրենք առաջարկել են սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև սպառողական վարկերի մարումը, բնակարանի վարձակալության փոխհատուցումը։
«Այս առաջարկն ընդունելու պարագայում բազմահազար հանրային ծառայողներ կարող էին իրենց բնակարանների վարձավճարները հատուցել այդ 72 000 դրամով»,– ասաց նա։
Ով կօգտվի կառավարության սահմանած նոր ծառայությունից. բարձրաստիճան պաշտոնյաները շահառու չեն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, սակայն, հայտարարեց, որ այս առաջարկները հակասում են սոցփաթեթի գաղափարին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն էլ ընդդիմության առաջարկը «կատեգորիկ անթույլատրելի» որակեց։
«Այսինքն` պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ մարդը կարողանա դրանով հանգստանալ, առողջությունը վերականգնել, մենք ասում ենք` չէ, դու կարող ես գնալ քեզ համար հեռախոս գնել ու այդ հեռախոսի գւմարը փոխհատուցել»,– ասաց Թունյանը։
Հարցի հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն էլ իր ելույթում հիշեցրեց. «Պետությունը` որպես գործատու, իր աշխատողներին հավելյալ գումար է վճարում, որպեսզի ունենա առողջ ու հանգստացած աշխատողներ»։
ՄԻՊ–ը զորակոչիկների ու զինծառայողների խնդիրների լուծման 8 առաջարկ է ուղարկելու ԱԺ և ՊՆ
Երկարատև քննարկումերից ու փոխադարձ մեղադրանքներից հետո նախագիծն ընդունվեց կառավարության առաջարկած տեսքով։
Հիշեցնենք` նախագծով կառավարությունն առաջարկում է սոցիալական փաթեթի շահառու պետական ու հանրային ծառայողներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարը ծախսել նաև ուսանողական վարկերի մարման ու մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպություններ հաճախելու համար։