Ավանեսյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են ապահովագրության ծրագիրը

Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Կողմերն անդրադարձել են ընթացիկ ծրագրերին, առողջապահական ոլորտում բարեփոխումների հիմնական ուղղություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են ընթացիկ ծրագրերին, առողջապահական ոլորտում բարեփոխումների առաջնահերթ և հիմնական ուղղություններին` համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրմամբ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություններին, առանձնացվել են գործակցության հիմնական թիրախները:
Պարտադիր պատվաստմանն ու ՊՇՌ թեստին վերաբերող հրամանն առաջիկայում կարող է փոփոխվել
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն անդրադարձել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի ընթացքին և անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը նկատել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները համակարգային են, և դրանք կյանքի կոչելու համար Համաշխարհային բանկը պատրաստ է իր աջակցությունը տրամադրել Հայաստանին:
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել առողջապահության ապահովագրության ծրագրի ներդրման մասին:

«Համապարփակ առողջապահական ծածկույթը չի ենթադրում միայն ֆինանսական միջոցների ներդրում, այլև` առողջապահական համակարգի և բժշկական ծառայությունների լիակատար վերակազմակերպում»,- նշել է առողջապահության նախարարը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են ընթանում բնակչության ընդհանուր առողջական վիճակը բարելավելու համար 3 առաջնահերթ ուղղություններով` բժշկական կենտրոնների վերազինմանը զուգահեռ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրում` ֆինանսական և կլինիկական բաղադրիչներով, և բժշկական ծառայությունների որակի ապահովագրություն:
Առողջապահության ապահովագրությամբ տրվող ծառայության որակը չի զիջի վճարովիներին. մասնագետ
Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել նախատեսվող բարեփոխումների հարցում: