Անխոչընդոտ հումանիտար մուտքն Արցախ անհրաժեշտություն է. Միրզոյանը` ՄԱԿ-ի համակարգողին

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի և գործակալությունների հայաստանյան մյուս ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում և Արցախում ՄԱԿ–ի գործունեությանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում տուժածներին տրվող ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից` հավելելով, որ Միրզոյանն ընդունել է նաև ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան մյուս ներկայացուցիչներին։
«Արարատ Միրզոյանի խոսքով` ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված համագործակցությունը նպաստել է ՀՀ զարգացման օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման հարցերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա հունիսին ընդունված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթին»,- նշում են գերատեսչությունից:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացումը կառավարության օրակարգի կարևոր կետերից է, և դրանք արտացոլված են կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերում:
44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում Արարատ Միրզոյանը և Շոմբի Շարփը կարևորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքների համակարգման նպատակով մեկնարկած ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագիրը։ Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արցախ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմինների համար։
ԵԱՀԿ ՄԽ–ն ձևաչափ է, որտեղ Ղարաբաղի հարցում հնարավոր է կայուն լուծում․ Իտալիայի նախագահ
Նույն օրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրման նամակն է հանձնել Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն և արգասաբեր աշխատանք է մաղթել Նաթիա Նացվլիշվիլիին իր պատասխանատու պաշտոնում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: