ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հետ հաղորդակցության գործընթացը մասնակի մեկնարկել է։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում ԵՄ նոր ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղ համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այդ գործընթացը մասամբ սկսվել է։ Կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի (իսկ ես տեսնում եմ, որ կա նման ցանկություն), դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորովին նոր մասշտաբներ ունենալ, որոնք չեն եղել 30 տարի։ Դա կարող է նաև կայունության, կանխատեսելիության և խաղաղության շատ կարևոր գործոն լինել»։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:
Նա Հայաստանին «հորդորել» էր ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։
Ալիևի խոսքով` Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հայտարարել էր` Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել։ Ավելին, ինչպես նա, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել են` ՀՀ–ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ ահա Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ դրան։