«Սպուտնիկ V»-ի ստեղծողները ԱՀԿ-ում պատվաստանյութի գրանցումը սպասում են մինչև աշնան վերջ

Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսի դեմ իրենց «Սպուտնիկ V» պատվաստանյութը մինչև ձմռան սկիզբ գրանցված կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Գամալեայի անվան կենտրոնում ակնկալում են, որ կորոնավիրուսի դեմ իրենց մշակած «Սպուտնիկ V» պատվաստանյութը մինչև նոյեմբերի վերջ կգրանցվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, Նովոսիբիրսկում փորձագիտական քննարկման ժամանակ ասել է կենտրոնի Պաթոգեն միկրոօրգանիզմների պոպուլյացիոն փոփոխականության մեխանիզմների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը:
Լիտվան Հայաստանին 50000 դեղաչափ Moderna պատվաստանյութ կտրամադրի
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամից մեր գործընկներները, որոնք զբաղվում են միջազգային օրակարգով, բավականին ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի։ Մենք հույս ունեինք, որ դա կլինի սեպտեմբերին, բայց հիմա հասկանում ենք, որ դա կլինի առաջիկա ամիսներին՝ հոկտեմբեր-նոյեմբերին»,-ասել է Գուշչինը։
Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն «Բիոտեխմեդ» համաժողովում հայտարարել էր, որ ԱՀԿ-ում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման հարցը կլուծվի մեկ շաբաթվա ընթացքում: Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը եղել է Ռուսաստանում և ԱՀԿ-ում նոր դեղամիջոցների գրանցման տարբեր մոտեցումները, եղել են փաստաթղթերի հետ կապված հարցեր, արտադրանքի հետ կապված խնդիրներ չեն եղել: