ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ, որոնք ՌԴ–ի հետ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: «Вместе» հեռուստանախագծին տված իր հարցազրույցում նման կարծիք է հայտնել պաշտոնական այցով ՌԴ–ում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի խորհրդարանում մաքսային դժվարությունները հաղթահարելու և առևտրաշրջանառությունը զարգացնելու ուղղությամբ, Սիմոնյանն ասել է, որ նախնական բոլոր պայմանավորվածությունները թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմից վաղուց հաստատված են։
Սակայն, ըստ նրա, աշխարհն արագ տեմպերով է զարգանում և անընդհատ նոր փոփոխությունների կարիք է լինում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին է եռօրյա պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան: Այցի շրջանակում նախատեսված է Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: