ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91 000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին իր ելույթում տվյալները հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
«Հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը։ Բացի այդ, ակնկալվում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գևորգյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը կհասցեագրի նաև ԼՂ–ում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը։
Նա հավելել է, որ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հայտարարել էր, որ չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար։