ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «մեծ հիմարություն է որակել Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կարծում եմ, որ դա մեծ հիմարություն է, որովհետև եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին, այնտեղ են գտնվում և՛ ռուսական, և թուրքական զինվորականները։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանք (իրանցիները,–խմբ.) նույն հաջողությամբ կարող են ասել, որ մարսեցիներ էլ կան այնտեղ» - ասել է դեսպանը լրագրողներին ՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հիշեցնենք` Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն է վարում Թեհրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ։ Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։