ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները և հավելում, որ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակի մատակարարումներն իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։
Պաշտոնական Բաքուն Թեհրանի այս քայլը որակել է որպես իրենց երկրի հանդեպ դավաճանություն, որն ընդունվել է ՀՀ կառավարության դրդմամբ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, որ Իրանի այս քայլն Ադրբեջանին առանձնապես վնաս չի պատճառի, քանի որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Նախիջևանում տեղակայված զորամասերին մատակարարման հարցում վերապահումներ է տվել այլ երթուղիներին։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից լայնածավալ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լարվածություն է մտցրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։