ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանը համարժեք կարձագանքի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխություններին։ Մոսկվա ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տեղեկանում ենք IRNA-ից։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ մենք կհամաձայնեցնենք մեր դիրքորոշումները Կովկասում ընթացող իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխություններին»։
Աբդոլլահիանն ակնկալում է նաև, որ Լավրովն անտարբեր չի մնա տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի ներկայության առնչությամբ, որը խաղաղության և անվտանգության սպառնալիք է։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը վաղը` հոկտեմբերի 6-ին, կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի դեպ, Ամիր Աբդոլլահիանն այսօր հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իրանցի նախարարը նշել էր` հարևան երկրների հետ հարաբերություններում Իրանի թույլ չի տա օտարերկրյա միջամտություն։