Օդային սահմանն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար փակելու Իրանի քայլը հիմնականում պայմանավորված է Նախիջևանում թուրք–ադրբեջանական զորավարժություններով ու Թուրքիայի կտրուկ ակտիվացմամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Տվյալ քայլը կարելի է որակել որպես պատասխան իրանցի բեռնափոխադրող վարորդների ձերբակալության։ Ադրբեջանական գործողություններից հետո շատ էր խոսվում, որ Բաքուն կարող է Նախիջևանի հետ հաղորդակցական խնդիրներ ունենալ, եթե փորձի շարունակել իր քաղաքականությունը։ Այսինքն` Իրանը քարոզչական պատերազմի համատեքստում բավականին հետաքրքիր քայլ է կատարում` Ադրբեջանին հասկացնելով, որ նա դեռևս կախվածություն ունի Իրանից Նախիջևանի հետ հաղորդակցվելու առումով»,– նշեց իրանագետը։
Միսակյանի կարծիքով` բավականին զարմանալի են Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ակնհայտ է, որ «մեծ եղբայր» Անկարան իր դերակատարությունն ունի Ալիևի հռետորաբանության մեջ, ինչի արդյունքում իրավիճակը գնալով լարվում է։ Եթե Բաքուն շարունակի Իրանի դեմ իր հռետորաբանությունը, ապա հարաբերությունների լարվածությունը, ըստ իրանագետի, կարող է հասնել մի կետի, որտեղից հետ գալը դժվար կլինի։
«Իրանի փորձագիտական դաշտում բացահայտ կերպով հայտարարվում է, որ Բաքուն չի կարող միայնակ գնալ նման արկածախնդրության, որ նրա թիկունքում Էրդողանն ու Իսրայելն են, հիմնականում՝ Թուրքիայի նախագահը։ Իրանա–թուրքական մրցակցությունը ընթանում է ամբողջ տարածաշրջանում` Սիրիայից մինչև Իրաք, և Թուրքիան նաև Ադրբեջանում նահանջելու ցանկություն չունի, նույնիսկ մտածում է թուրքալեզու պետությունների ալյանս ձևավորել, որն ունի հակաիրանական ուղղվածություն»,– ասաց իրանագետը։
Միսակյանի համոզմամբ` Բաքուն Էրդողանի ձեռքով վերածվում է պանթուրքիստական ծավալապաշտական քաղաքականության գործիքի, ինչը կարող է վատ ավարտ ունենալ հենց նույն Ալիևի համար։
Նշենք, որ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։