Ալիևի կոշտ հռետորաբանությունը բացատրվում է մի քանի գործոններով. նա իրեն լիարժեքորեն հաղթած չի համարում, քանի որ Ադրբեջանում այժմ մի քանի երկրներ ունեն զինված ներկայություն, նրա վրա բավականին աճել է Թուրքիայի ազդեցությունը, շատ բարդ հարաբերություններ են ՌԴ–ի հետ և բացի դրանից՝ շուտով պետք է լուծի իշխանության փոխանցման խնդիրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Նման հեռետորաբանությունը բնորոշ է ավտորիտար ղեկավարներին, որովհետև նման բառապաշարով են փորձում իրենց հավակնությունները կամ խոսույթը փոխանցել հասարակություններին։ Մյուս հանգամանքն այն է, որ Ալիևի մոտ առկա են բարդույթներ, քանզի ամենայն հավանականությամբ նա, կանխազգալով որոշակի պրոբլեմներ, իրեն լիարժեք հաղթած չի զգում, այսինքն` պատերազմում հաղթանակը չի կարողանում քաղաքական, դիվանագիտական կապիտալիզացիայի ենթարկել, ինչի հետևանքով ունենում է կոշտ հեռետորաբանության անհրաժեշտություն»,– ասաց քաղաքագետը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է երկխոսել նման նախագահի հետ, Սուրենյանցն ընդգծեց, որ դա հռետորական հարց է, քանի որ ցանկացած պարագայում երկխոսությունը պատերազմից լավ է։ Եթե երկխոսությունը մերժում ենք, ապա պետք է նկատի ունենանք, որ դրա այլընտրանքն անխուսափելիորեն պատերազմն է, մինչդեռ Հայաստանի ներկայիս իշխանությունը, ըստ քաղաքագետի, ո՛չ պատերազմելու, ո՛չ էլ երկխոսելու որևէ պոտենցիալ չունի։
Նրա համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես պարտվեց պատերազմում, այնպես էլ խաղաղության դարաշրջանն է ձախողելու, որովհետև իշխանությունը պետք է ունենա հստակ օրակարգ, վարի այնպիսի քաղաքականություն, որը հիմնված է ոչ թե հռետորաբանության, քմահաճության կամ մեկ մարդու կամայական նախասիրությունների, այլ՝ իրատեսական հաշվարկների վրա։
«Ներկայիս իշխանությունն իր մտավոր, քաղաքական և կադրային ներուժով չի կարող սպասարկել այնպիսի բարդ գործընթացներ, ինչպիսիք են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կամ հայ–ադրբեջանական երկխոսությունը»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի պնդմամբ` կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունը չի կարող հանդես գալ արժանապատիվ խաղաղության օրակարգով, որովհետև այն իշխանությունը, որի անունը կապված է պարտության հետ, որը պատերազմից մեկ տարի հետո տակավին ի զորու չէ լուծել հետևանքներից մեկը` գերիների հարցը, ապա այդ իշխանությունը չի կարող հավակնոտ նշաձողեր սահմանել ու լինել երկրի ինքնիշխանության օրակարգի կրողը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա գտնվելով Մարտակերտի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում դրոշի բարձրացման արարողությանը, Հայաստանին կոչ է արել հրաժարվել վրեժի փորձերից:
«Դիմում եմ նրանց Հայաստանում, ովքեր ապրում են վրեժխնդրության զգացմունքներով: Երկաթյա բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի անհետացել: Մի նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, կկարողանաք հանգիստ ապրել»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Թարթառի շրջանի Մատաղիս գյուղում: