ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի ֊ Sputnik. Հայաստանի պետական սահմանները չեն որոշվում ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այս մասին այսօր ԱԺ–ում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` վկայակոչելով իր աշխատանքային երկարամյա փորձառությունը պետական համակարգում։
«1996թ–ից ես ակտիվորեն այս ոլորտում աշխատել եմ։ Ես չեմ լսել որևէ հիմնավորում, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Համենայնդեպս իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա` և՛ հին և՛ նոր ժամանակաշրջաններում»,– ասաց Տերտերյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում շեշտեց, որ ամեն անգամ ընդդիմությունը խոսում է 2010թ–ին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին` միաժամանակ չժխտելով, որ ընդունել են իրենք` ԱԺ դահլիճում նստած կամ կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցնելով։
«Չեն ժխտում, որ նստել են այստեղ կողմ են քվեարկել այն օրենքին, որի համաձայն` Շուռուխից այս կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը։ Չեն ժխտում, որ առաջարկ չեն ներկայացրել, որ եկեք Ադրբեջան չգրենք, գրենք` «Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, բայց ասում են` դրանով ՀՀ պետական սահմանը չի որոշվում։ Չի որոշվում, գրեք` Շվեյցարիան է գտնվում, ավելի լավ կլիներ»,– ասաց Ալեքսանյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ Վաչե Տերտերյանի վերոհիշյալ հայտարարությունը նրա համար քաղաքական հետևանքներ չի ունենա։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործընկերոջ` Ադրբեջանի փոխարեն օրենքում Շվեյցարիա գրելու առաջարկին, Վարդևանյանն առաջարկեց. «Եկե՛ք էսօր մի քիչ երկար մնանք ԱԺ–ում, պարոն Տերտերյանին էլ խնդրենք մի օրենքի նախագիծ գրի, հասնենք մինչև Ստամբուլ։ Եկե՛ք, օրենքով գրենք, ընդունենք, այդքան պարզ բանաձև կա, ո՛չ բանակ է պետք, ո՛չ պաշտպանություն»։
Նույն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խոստովանեց` օրենքի ընդունմանն ինքն էլ ժամանակին կողմ եղել ու հիշեցրեց, որ այսօր գործող օրենքով ամրագրված է, որ Գորիս համայնքից այն կողմ գտնվում է ԼՂՀ–ն։
«Ինչո՞ւ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել եք ԼՂՀ–ն` մեկ, և որ դա ԼՂՀ–ի հետ սահմանն է։ Եթե այդ օրենքն եք վկայակոչում, այս նորմը վկայակոչեք։ Ինչու եք ուզում անպայման ինչ–որ բան նախկինների վրա բարդել»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով Գորիս– Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման փաստը նշել էր, որ տվյալ սահմանն ամրագրված է 2010թ–ին ընդունված ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։